Հուլիսի 7-ին Համբուրգում հանդիպեցին ՌԴ և ԱՄՆ նախագահները: Չեզոք գոտում՝ ոչ Թրամփը գնաց Մոսկվա, թեպետ Վարշավա էր հասել, ոչ Պուտինը գնաց Վաշինգտոն: Նրանք հանդիպեցին ու խախտեցին միմյանց հանդիպումների ժամանակացույցը հարյուր երեսունհինգ րոպեով (Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ստիպված էր եղել ժամից ավելի սպասել Պուտինին): Սպիտակ տունը հանդիպմանը նախապես հատկացրել էր կես, Կրեմլը՝ մեկ ժամ: Երկուսն էլ սխալվեցին:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատմեց, որ նախագահները մանրամասն քննարկել են ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը: «Նրանք շատ մանրամասն ու երկար քննարկեցին այս հարցը: Նախագահ Թրամփը ոչ մեկ անգամ հարցրեց նախագահ Պուտինին Ռուսաստանի միջամտության մասին: Նախագահ Պուտինը հերքեց միջամտությունը, ինչպես անում էր և առաջ»՝ ասաց Ռեքս Թիլերսոնը:
Այդ թեմայով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասաց, որ Թրամփը «լսեց նախագահ Պուտինի հստակ հայտարարությունները, որ դա ճիշտ չէ և Թրամփը այդ հայտարարություններն ընդունում է»: Լավրովը հավելեց. «Նախագահ Թրամփն ասաց, որ այդ արշավանքը բավականաչափ տարօրինակ բնույթ ունի՝ երկար ամիսներ հնչում են մեղադրանքներ, բայց ոչ մի փաստ չի ներկայացվում»: ՌԴ ԱԳ նախարարը մանրամասնեց, որ ՌԴ ու ԱՄՆ նախագահների բանակցությունները հաստատեցին՝ երկու երկրների ղեկավարներն առաջնորդվում են ազգային շահերով: Զրույցը նա գնահատեց «շատ կոնկրետ»:
Նրանք պայմանավորվել են կոնկրետ հարցերում՝ այդ թվում երկկողմ հարաբերությունների: Մասնավորապես՝ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների փոփոխության՝ «Պայմանավորվեցին արագացնել նոր դեսպանների նշանակման համար անհրաժեշտ գործընթացները՝ ԱՄՆ-ի ՌԴ-ում և ՌԴ-ի՝ ԱՄՆ-ում»: Նրանք անդրադարձել են և ՌԴ-ի դիվանագիտական սեփականությունը վերցնելու հարցին Բարաք Օբամայի նախագահության օրոք: Հանդիպման արդյունքում պայմանավորվել են երկկողմ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի ամբողջ շարք հարցերով՝ ներառյալ «պայքարն ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, հաքերության բոլոր դրսևորումների դեմ»՝ ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Կիբեռանվտանգության վրա ուշադրությունը սևեռվել է, որովհետև «այդ ոլորտը առավել ռիսկային է դառնում»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո ասաց. «Ես շատ երկարատև զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ: Շատ հարցեր էին կուտակվել՝ և ՈՒկրաինան, և Սիրիան, և այլ խնդիրներ, որոշ երկկողմ հարցեր: Մենք նորից վերադարձանք ահաբեկչության դեմ պայքարի, կիբեռանվտանգության հարցերին»:
Հանդիպումից հետո մի քանի ժամ Թրամփը հանդիպումը Պուտինի հետ չէր մեկնաբանել:
Հանդիպումից առաջ ողջունելով Պուտինին Թրամփը հայտարարեց, որ շատ ուրախ է հանդիպման համար և բանակցությունները Համբուրգում միայն քննարկումների սկիզբն են: Նա ասաց, որ անհամբերությամբ է սպասում Պուտինի հետ բազում հարցեր քննարկելու հնարավորությանը և հույս ունի, որ հանդիպումը դրական ելք կունենա և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի, և բոլոր շահագրգիռ կողմերի համար:
Ի պատասխան ՌԴ նախագահն ասաց, որ մի քանի անգամ հեռախոսել են երկկողմ ու միջազգային օրակարգի կարևոր հարցերի շուրջ և, իհարկե, հեռախոսազրույցները քիչ են: «Եթե մենք ուզում ենք դրական լուծել երկկողմ օրակարգի հարցերը և միջազգային օրակագի առավել կարևոր, սուր հարցերը, իհարկե, անհրաժեշտ են անձնական հանդիպումներ»՝ նշեց Պուտինը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը դրական արդյունքներ կունենա:
Հանդիպման տևականության մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասաց.
«Հետաքրքրության և տեսակետների փոխանակության այնպիսի մակարդակ էր, որ նրանցից ոչ մեկը չէր ուզում զրույցն ընդհատել: Նրանց միջև կար շատ հստակ, դրական փոխըմբռնում»: Հանդիպմանը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարը և ՌԴ ԱԳ նախարարը, լրագրողները ներկա են եղել երկու րոպե միայն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Փորձագետներն արդեն արձանագրել են, որ հանդիպման ժամանակ խոսքերը ջերմ էին, իսկ ժեստերի լեզուն՝ զուսպ: Նախագահներից ոչ մեկը չէր ժպտում, երբ հանդիպման դրական ելքի հույս էր հայտնում: Նրանց ձեռքսեղմումն արագ ու գործնական էր: Հանդիպման բուն փաստը Ռուսաստանը համարում է արդեն նվաճում՝ հաստատում, որ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջնորդ է և նրա հետ պետք է հաշվի նստել: Բայց ոչ ոք հանդիպումից նշանակալից փոփոխություններ չի սպասում, օրինակ պատժամիջոցների թուլացում: Կրեմլը մշտապես շեշտում էր, որ իր հիմնական նպատակը Դոնալդ Թրամփի հետ «աշխատանքային երկխոսություն» հաստատելն է և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացը սկսելը: Ի՞նչ էր ուզում Սպիտակ տունը: Գուցե հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական «պինդ ընկույզը»՝ ինչպես Պուտինին անվանել էր Թրամփը: Առաջիկա օրերին ու ամիսներին միայն ի հայտ կգան Համբուրգի հանդիպման արդյունքներն ու հետևանքները: